Ես միշտ իմացել եմ, որ մեր կրթահամալիրի փոքր սեբաստացիները շատ լավն են, բայց
որ այսքան: Լավ, չշտապեմ, եկեք ձեզ պատմեմ, թե ի՜նչ լավ էր Բ4 դպրոց-պարտեզում:
Այսօրվան ես շատ էի սպասում, որ ճիշտն ասեմ շատ եմ սիրում փոքրերին: Վիկան ինձ վաղուց էր ասել, որ գնալու էինք այնտեղ, նախագիծ իրականացնենք հեքիաթների մասին: Թումանյանական ընթերցումներ, քննարկումներ են. մենք էլ կարդում ենք: Շատ էինք մեծերով խոսել հեքիաթների մասին, հերթը փոքրերինն էր: Ընթերցասեր սովորողներով հավաքվեցինք՝ ես, Վիկան, Դավիթը և Լիանան: Միասին ճանապարհ ընկանք դեպի հաջորդ կանգառ, որը մեզ բերեց Բ4 դպրոց-պարտեզ: Մտանք դպրոց, և ես հիշեցի, թե ինչպես էի 4-5 տարեկանում այստեղ վազվզում... Իհարկե չհիշեցի, բայց կրթահամալիրի ամեն ինչն ինձ այնքան հարազատ է. այստեղ եմ ծնվել և այստեղ մեծացել:Մտանք չորրորդցիների մոտ, ընկեր Արմինեի և երեխաների ժպիտն արդեն հուշում էր, որ ուսումնական ժամանակ ենք անցկացնելու, ոչ միայն ի օգուտ մեզ, այլ նաև ի օգուտ փոքրիկ սեբաստացիների և ինչու չէ, նաև՝ ընկեր Արմինե ու ընկեր Մարգարիտի: Բաճկոնները հանեցինք, դասավորեցինք և տեսանք, որ Վիկան արդեն խոսում է: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում կրթահամալիրը առանց Վիկայի նյութերի, հաղորդումների և ժեստերի: Ուզում էր ակտիվացնել երեխաներին, բայց նրանք շատ կաշկանդված էին, մի պահ ինձ պատկերացրի այդ տարիքում: Գալիս են չորսը մեծեր՝ Ավագ դպրոցից. մեկն այնքան բարձրահասակ է, որ առաստաղին է հասնում (ես), մյուսը անընդհատ ինչ-որ բանի մասին է խոսում (Վիկան), մեկը տեսախցիկով ինձ է նկարում (Դավիթը), նրանցից մեկն էլ համեստ կանգնած է (Լիանան): Կարծում եմ ՝ես էլ սկզբում կկաշկանդվեի: Ինչևէ, որոշ սեբաստացիներ սկսեցին խոսել, պասսիվությունը գնալով նվազում էր, բայց չէր վերածվում աղմուկի:
Խոսեցինք, հետո Վիկան սովորողներին ասաց, որ նկարեն մի հեքիաթ, որը շատ են սիրում, կամ էլ չեն սիրում, ամեն ինչն էլեկտրոնային էր, զարմանալիորեն հեշտ : Բոլորը նկարում էին. մի տղա ասաց, որ իր պլանշետի մեջ ներբեռնված չէ նկարելու ծրագիր, ես՝ որպես կրթահամալիրում պլանշետ ունեցող առաջին սովորողներից, ասացի, որ կներբեռնեմ ծրագիրը, նա էլ՝ես արդեն ներբեռնել եմ: Եվ ես հասկացա՝ իմ դարաշրջանը անցել է: Պատկերացրեք, չորորդ դասարանցի, որը մտնում է պլանշետով համացանց, ներբեռնում ծրագիր, որով կարելի է նկարել: Ես ապշած էի, սկսեցի հասկանալ տատիկներին, որոնց հեռախոսը երբ ուղղում եմ, հիացած նայում են ինձ և զարմանում:
Նկարչության ստուգատեսը կիսատ թողեցինք, որոշեցինք, որ կշարունակեն տանը, որովհետև ժամանակ չունեինք: Վիկան կազմակերպեց հեքիաթների բեմադրում, ամեն մեկս մի խմբի հետ աշխատեցինք…Մեր սիրելի Հովհաննես Թումանյանից մի հեքիաթ բեմադրեցինք: Իմ խումբը, որոշեց, որ բեմադրենք «Ձախորդ Փանոսը»: Ժամանակը քիչ էր, ստիպված պիտի բեմադրեինք սկիզբը և վերջը: Կազմակերպելու ընթացքում նկատեցի սովորողների միջի ստեղծականությունը. նրանք կարողանում էին ինձանից ավելի արագ մտածել, որ ճիշտն ասեմ ես շատ բան չեմ կազմակերպել, նրանք ինքնակազմակերպվում էին, իսկ ես ապահովում էիլռությունը: Կարճ ժամանակում ամեն մեկս մի բան բեմադրեցինք, հիացած էի մեր սովորողներով: Ստեղծականություն ՝ այս բառով ասվում է ամեն ինչ: Ամեն սովորող տեղում մի բան հորինեց: Ես ապշած էի ամեն մի բեմադրությամբ, ամեն մի խոսքով: Հիացած նայում էի նրանց և պարզվեց, որ արդեն գնալու ժամանակն է: Ինչպես նրանց ժպիտները մեծ ուղեկցեցին ներս, այնպես էլ ուղեկցեցին դուրս: Ուրախ, զվարթ գնացինք մայր դպրոց, որտեղ մեզ սպասում էին մեզ համակարգողները...
Հեղինակ՝ Ֆրեդ Սահակյան
Խմբագրող՝ Մարգարիտա Սարգսյան