Страницы

Показаны сообщения с ярлыком Պատմվածքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմվածքներ. Показать все сообщения

Հատված «Ալքիմիկոսը» գրքից

«Մի վաճառական երջանկության գաղտնիքն իմանալու համար որդուն ուղղարկում է Իմաստունի մոտ: Քառասուն օր պատանին քայլում է անապատով, մինչև որ սարի վրա տեսնում է մի հրաշալի ամրոց: Այնտեղ էլ ապրում էր նրա փնտրած Իմաստունը:
Սպասվածին հակառակ՝ ամրոցը բոլորովին էլ նման չէր առաքյալի մեկուսացված կացարանի՝ մարդաշատ էր. վաճառականները ներսդուրս էին անում, ոմանք անկյուններում կանգնած զրուցում էին, փոքր նվագախումբը նրբահունչ մեղեդիներ էր նվագում, իսկ սրահի կենտրոնում ճոխ սեղան էր բացված՝ լեցուն աշխարհի այդ շրջանին հատուկ հազվագյուտ ճաշակելիքներով:
Իմաստունը զրոցում էր բոլոր հյուրերի հետ, և պատանին ստիպված էր երկու ժամ սպասել՝ մինչև կհասներ իր հերթը:
Վերջապես նա ուշադիր լսում է տղայի ցանկությունը, սակայն ասում է, որ հիմա ժամանակ չունի բացելու երջանկության գաղտնիքը: Թող պատանին զբոսնի ամրոցում և երկու ժամ հետո վերադառնա այդ նույն սրահը:
«Ու նաև մի խնդրանք,- ասում է իմաստունը՝ պատանուն մեկնելով մի թեյի գդալ՝ մեջը երկու կաթիլ յուղ, - հետդ տար այս գդալը և տես՝ յուղը չթափես»:
Պատանին աչքը գդալից չկտրելով՝ բարձրանում իջնում է ամրոցի աստիճաններով ու երկու ժամանց վերադառնում Իմաստունի մոտ:
«Հ՞ը,- հարցնում է,- քեզ դուր եկա՞ն իմ ճաշասրահի պարսկական գորգերը, պարտեզի ծառերն ու ծաղիկները, որոնց հմուտ վարպետները խնամել են ուղիղ տասը տարի: Դուր եկա՞ն իմ գրադարանի հին պապիրուսներն ու մաղագաթները»:
Պատանին ամոթահար պատասխանում է, որ ինքը ոչ մի բան չի տեսել, քանի որ ամբողջ ուշադրությունը գամված է եղել այն երկու կաթիլ յուղին, որը նրան վստահել էր տերը:
«Ետ դարձիր և տես իմ տան բոլոր հրաշալիքները,- ասում է Իմաստունը: - Դու չես կարող վստահել մի մարդու, որի տանն ու նիստակուցին ծանոթ չես»:
Գդալը ձեռքին՝ պատանին կրկին քայլում է ապարանքի սրահներով ու միջանցքներով: Այս անգամ նա այնքալ էլ կաշկանդված չէր և կարողանում է դիտել արվեստի բոլոր այն հազվագյուտ նմուշները, որոնք կախված էին դահլիճների առաստաղներից և պատերի: Նա տեսնում է ծաղկոցները և նրանց շրջապատող լեռները, հիանում ծաղիկների նրբագեղությամբ, այն կատարելիությամբ, որով դասավորված էին գեղանկարներն ու արձանները:
«Իսկ ո՞ւր է այն երկու կաթիլ յուղը, որը ես խնդրել էի չթափել», - հարցնում է Իմաստունը:
Եվ այստեղ պատանին տեսնում է, որ յուղը թափել է:
«Ահա, դա էլ միակ խորհուրդն է, որ քեզ կարող եմ տալ, - ասում է Իմաստուններից իմաստունը: - Երջանկության գաղտնիքն այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհ, և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած երկու կաթիլ յուղը»:

Հատված «Ալքիմիկոսը» գրքից
Նկարը՝ Subscribe.ru

Անգույն գիշեր

Եվ ահա նստած իմ վրանում գրում եմ վիճակիս մասին: Ցուրտ է՝ ճամբարային հասարակ գիշեր, բայց անձրևը և կարկուտը այնքան ուժեղ են տեղում, որ մտածում ես՝ վրանը ցրիվ կտան: Դրսում մարդ չի երևում, երեխաները հավաքվել են տաք տեղում: Մեզ էլ առաջարկեցին, բայց ոչ. չեմ սիրում երեխաների հետ քնել՝ ուսուցիչների հսկողության տակ: Ոչինչ չի երևում: Ուզում եմ դուրս նայել, բայց մառախուղը պարուրել է ամբողջ երկինքը: Հավանաբար դրսում ցեխից և կեղտից բացի ոչինչ չկա: Վրանը քամու ուժից շարժվում է, ահա-ահա կկոտրվի: Օրն այնքան էլ լավը չէր, անտրամադիր օր էր, եղանակի պես… Ոչ կարողացանք ընկերներով մի լավ գնդակ խաղալ, ոչ էլ կարողացանք վազվզել արևի տակ: Վրանում վեց հոգով ենք. ես, մոտիկ ընկերս, նորեկ ընկերս և երեք փոքրիկները: Լավ, եթե քնել չի ստացվում, խոսենք: Ի՞նչ խոսենք: Որոշեցի խոսել կյանքի դժվարություններից, խոսեցի՝ երկար-բարակ, բայց մեկ է՝ ցուրտը մոռանալ չի լինում: Մեկ էլ դրսից ձայն լսվեց, բացվեց վրանի դուռը, և ուսուցիչներից մեկն ասաց.
- Դե ինչ, լա՞վ է, քնեք տղաներ, ցուրտ է դրսում, վաղը արշավ ունենք, կողքի լեռը պիտի բարձրանանք, քնեք, որ չհոգնեք:
- Լավ, բարի գիշեր, պարոն,– ասաց փոքրիկներից մեկը:
Ասեցինք լավ, բայց այդպես էլ չկարողացանք քնել և ահա հինգ րոպե անց, լռության ներկայությունը նկատելով, որոշեցի խոսել.
- Դե ինչ, տղեք, ի՞նչ կառաջարկեք, մի բան անենք, որ այս վատ տրամադրությունը չքվի: Թե չէ տխուր պառկել ենք, կարծես բանտում լինենք: Խաղ խաղանք: Սկսի, փոքրիկ, խաղում ենք «Города»: Ես եմ սկսում, Երևան:
- Ն՞, Նովգորոդ,- ասաց փոքրիկներից մեկը:
- Դիլիջան: - շարունակեց ընկերս:
- Էհ, այսպես խաղալ չի լինի,– ասաց նոր ընկերս,- չեմ կարողանում: Իբրև ի՞նչ, փորձում եք մոռանա՞լ այս ցուրտը: Ցուրտը մենք ամեն պահ զգում ենք: Թե ասա՝ ինչո՞ւ չգնացինք շենքում նորմալ քնեինք, ինչի՞ քո խելքին ընկանք: Անձրևից հիմա վրանը կփլվի, է հետո՞: Դուրս գալ չի լինի: Հիմա այնտեղ ֆիլմ են դիտում, իսկ մենք այստեղ մրսում ենք:
- Քեզ ի՞նչ պատահեց,–  հեգնանքով պատասխանեցի ես,– իբրև քիչ ենք մրսում, մի բան էլ քո նեղվելը հեչ տեղին չէր: Ես քեզ չստիպեցի գալ, ընդամենը առաջարկեցի, իսկ դու մտածելով, որ այդպես ճիշտ է, եկար: Հանգստացիր, հիմա բոլորս էլ մրսում ենք, անտրամադիր ենք, բայց արի մեր խնդիրները ուրիշի բեռ չհամարենք... Չնայած՝ ինչո՞ւ ոչ, եկեք ամեն մեկս մեր խնդրի մասին պատմենք: Դե սկսիր, պուճուր:
- Ի՞նչ պատմեմ, մեկ հատ ցավ ունեմ,- ցածրաձայն ասաց փոքրիկներից մեկը,– սիրում էի մի աղջկա, հետո պարզվեց բակի ընկերն էլ է նրան սիրում: Որոշեցի այդ աղջկան նվեր տալ, գնեցի մի փունջ ծաղիկ և տարա, որ նվիրեմ: Ընկերս տեսավ, որ տանում եմ, եկավ ձեռքիս խփեց, ծաղիկները վնասվեցին: Մի լավ կռվեցինք, հետո կանգնեցի ու սկսեցի շորերս թափ տալ, իսկ ընկերս լաց լինելով գնաց տուն: Վատ զգացի, միգուցե էգոիզմի դրսևորում էր, չգիտեմ:
- Ոչ-ոչ,– ասացի ես և մտածելով, որ մեծը ես եմ, որոշեցի խորհուրդներ տալ,– դու ճիշտ ես արել, դու ձգտել ես, որ այդ աղջիկը քոնը լինի, իսկ ինչո՞ւ նույնը ինքը չէր անում: Որովհետև վախկոտ է: Դե ուրեմն ձգտիր այդ աղջկան, թող քոնը լինի:
Դե իհարկե, չէի ասելու, որ սխալ է արել, որ պիտի ընկերոջը զիջեր, քաջալրելու համար, այդպես ասեցի: Չեմ սիրում, երբ ինչ որ մեկը տխուր նստում է:
Հերթը մոտիկ ընկերոջս հասավ, բայց նրան ոչինչ չհարցրի: Նրա մասին ամեն ինչ գիտեմ: Քիչ հետո նոր ընկերս դուրս գնաց՝ շենք, դե այնտեղ տաք էր: Նրան ոչ ոք  չմիացավ:
- Դե, դու ասա, ասա տեսնեմ քեզ ի՞նչ է եղել,– ժպտալով ասացի ես: Առաջին անգամ էի այդ փոքրիկին տխուր տեսնում:
- Ֆրեդ, չեմ ուզում ասել, կանցնի կգնա, միշտ այդպես է ինձ մոտ,- լացակումած ասաց փոքրիկը:
- Լավ,– չուզեցա համոզել, այլապես լաց կլիներ:
Ուզում էի անցնել մյուս փոքրիկին, բայց նայելով նրա աչքերի մեջ պատասխանն արդեն պարզ դարձավ: Երբևէ տեսե՞լ եք միայնակ կատվի աչքեր, որոնք ձեզ են նայում: Այ, այդպիսի աչքեր ուներ նա: Բոլորից հարցրի: Իմ հերթն էր, նկատելով, որ ոչ մեկին դա հետաքրքիր չէր՝ չպատմեցի:
Ահա պահը եկավ և սկսեցի ընդհանուր բաներից խոսել: Միգուցե խոսքերս կօգնեն փոքրիկներին: Հպարտորեն սկսեցի խոսել.
- Գիտե՞ք, երբեմն էգոիստաբար մենք անում ենք այն, ինչ ուզում ենք, հետո զղջում: Ինքներս մեզնից նեղանում, տխրում, ամեն ինչ խառնվում է: Մենք չգիտենք՝ որն է ճիշտը՝  ճիշտ քայլը, բայց կյանքի ընթացքում թե ճիշտ, թե սխալ քայլեր ենք անում: Ասե՛ք, մի բան ասեք, որը դուք ինքներդ ձեզ համար չեք անում: Չեք կարողա, որովհետև բոլորիս մեջ բարությունը կործանվել է, բոլորս այդպիսին ենք: Կյանքի օրենքն է այդպիսին: Մենք ապրում ենք ինքներս մեզ համար, և չունենք երկրրորդ կյանք,որ նվիրենք ուրիշ մեկին: Մենք բոլորս էգոիստ ենք, բայց երբեմն սերը մեզ ստիպում է դիմացինի մասին մտածել: Միևնույն է, դրանից էլ մենք մեր շահը ունենք: Ասածս այն է, որ...
Ուզում էի շարունակել, մեկ էլ նկատեցի, որ բոլորը քնել են:
Չգիտեի՝ ինչ անել, միայնակ էի մնացել, արթուն: Անձրևը չէր դադարում:
Աչքերս փակեցի և սկսեցի մտածել իմ մոլորակի մասին: Ամեն գիշեր այդպես եմ անում… Մտածեցի, մտածեցի, և երջանկությունից աչքերս լցվեցին: Սիրում եմ երազել, իսկ իմ մոլորակում ամեն ինչ այնպես է, ինչպես ես եմ ուզում: Քնեցի, երազումս տեսնում էի իմ մոլորակը, աշխարհը: Արթնացա ու ինքս ինձ ասացի. «Մի օր կլինի այնպես ինչպես դու ես ուզում, միայն թե քո միջի մի քանի կաթիլ բարությունը քեզ թույլ չի տա»: Աչքերս փակեցի և անգամ չնկատեցի՝ ինչպես քնեցի…