Страницы

Հատված «Ալքիմիկոսը» գրքից

«Մի վաճառական երջանկության գաղտնիքն իմանալու համար որդուն ուղղարկում է Իմաստունի մոտ: Քառասուն օր պատանին քայլում է անապատով, մինչև որ սարի վրա տեսնում է մի հրաշալի ամրոց: Այնտեղ էլ ապրում էր նրա փնտրած Իմաստունը:
Սպասվածին հակառակ՝ ամրոցը բոլորովին էլ նման չէր առաքյալի մեկուսացված կացարանի՝ մարդաշատ էր. վաճառականները ներսդուրս էին անում, ոմանք անկյուններում կանգնած զրուցում էին, փոքր նվագախումբը նրբահունչ մեղեդիներ էր նվագում, իսկ սրահի կենտրոնում ճոխ սեղան էր բացված՝ լեցուն աշխարհի այդ շրջանին հատուկ հազվագյուտ ճաշակելիքներով:
Իմաստունը զրոցում էր բոլոր հյուրերի հետ, և պատանին ստիպված էր երկու ժամ սպասել՝ մինչև կհասներ իր հերթը:
Վերջապես նա ուշադիր լսում է տղայի ցանկությունը, սակայն ասում է, որ հիմա ժամանակ չունի բացելու երջանկության գաղտնիքը: Թող պատանին զբոսնի ամրոցում և երկու ժամ հետո վերադառնա այդ նույն սրահը:
«Ու նաև մի խնդրանք,- ասում է իմաստունը՝ պատանուն մեկնելով մի թեյի գդալ՝ մեջը երկու կաթիլ յուղ, - հետդ տար այս գդալը և տես՝ յուղը չթափես»:
Պատանին աչքը գդալից չկտրելով՝ բարձրանում իջնում է ամրոցի աստիճաններով ու երկու ժամանց վերադառնում Իմաստունի մոտ:
«Հ՞ը,- հարցնում է,- քեզ դուր եկա՞ն իմ ճաշասրահի պարսկական գորգերը, պարտեզի ծառերն ու ծաղիկները, որոնց հմուտ վարպետները խնամել են ուղիղ տասը տարի: Դուր եկա՞ն իմ գրադարանի հին պապիրուսներն ու մաղագաթները»:
Պատանին ամոթահար պատասխանում է, որ ինքը ոչ մի բան չի տեսել, քանի որ ամբողջ ուշադրությունը գամված է եղել այն երկու կաթիլ յուղին, որը նրան վստահել էր տերը:
«Ետ դարձիր և տես իմ տան բոլոր հրաշալիքները,- ասում է Իմաստունը: - Դու չես կարող վստահել մի մարդու, որի տանն ու նիստակուցին ծանոթ չես»:
Գդալը ձեռքին՝ պատանին կրկին քայլում է ապարանքի սրահներով ու միջանցքներով: Այս անգամ նա այնքալ էլ կաշկանդված չէր և կարողանում է դիտել արվեստի բոլոր այն հազվագյուտ նմուշները, որոնք կախված էին դահլիճների առաստաղներից և պատերի: Նա տեսնում է ծաղկոցները և նրանց շրջապատող լեռները, հիանում ծաղիկների նրբագեղությամբ, այն կատարելիությամբ, որով դասավորված էին գեղանկարներն ու արձանները:
«Իսկ ո՞ւր է այն երկու կաթիլ յուղը, որը ես խնդրել էի չթափել», - հարցնում է Իմաստունը:
Եվ այստեղ պատանին տեսնում է, որ յուղը թափել է:
«Ահա, դա էլ միակ խորհուրդն է, որ քեզ կարող եմ տալ, - ասում է Իմաստուններից իմաստունը: - Երջանկության գաղտնիքն այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհ, և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած երկու կաթիլ յուղը»:

Հատված «Ալքիմիկոսը» գրքից
Նկարը՝ Subscribe.ru