Աշխարհի առաջին ճապոներեն-գերմաներեն բառարանը 1865 թվականին պատրաստել են Մխիթարյան միաբանությունում: Վիեննայի վեհաժողովի սկսվելու կապակցությամբ Մխիթարյանների տպարանում լույս է տեսել ֆրանսերենով առաջին հրատարակությունը: Մխիթարյանները մեծ դեր են ունեցել սերբական գրականության զարգացման գործում:
Համաշխարհային մշակույթում Մխիթարյան միաբանության դերը կարևորող նման մի շարք նոր բացահայտումների հետ ծանոթանալու առիթ այսօր ունեցան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները:
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում անցկացվեց «Կամուրջ Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ Վիեննայից Հայաստան հրավիրված ավստրուհի լրագրող Բարբարա Դենշերը հանդես եկավ «Մխիթարյան միաբանության գրատպության արվեստը» զեկույցով:
Վիեննայից Հայաստան եկած հյուրը նախ ներկայացրեց Մխիթարյանների՝ Վիեննայում հայտնվելու պատմությունը, ըստ որի՝ նրանք հայ կաթոլիկական ուխտի անդամներ էին, որոնք Վիեննա էին եկել Կոստանդնուպոլսից:
Մխիթարյանների ուխտը հիմնադրվել է 1701թ.-ին Կոստանդնուպոլսում և Վիեննա է տեղափոխվել թուրքական ճնշումների ազդեցության տակ:
1810թ.-ին Մխիթարյաններին արևմտյան և արևելյան լեզուներով գրքեր հրատարակելու իրավունք է շնորհվում: Ապա սկսվում է տպարանը գործել որպես եվրոպական գրատպության կենտրոն:
Մինչ գերմաներեն լեզվով զեկույցին անդրադառնալը, հեղինակը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Մխիթարյան միաբանության դերը ոչ միայն Վիեննայի, այլ նաև եվրոպական մշակույթի համար բավական մեծ է եղել: «Հարուստ գրադարան ունեցող միաբանության տպարանը, որն այսօր արդեն չկա , փակվել է մոտ 10 տարի առաջ, սակայն աշխատել է շուրջ 200 տարի: Այստեղ ոչ միայն տպագրել են հայերեն կամ գերմաներեն լեզվով գրքեր, այլ աշխարհի 41 լեզուներով»,-ասաց նա:
Բարբարա Դենշերը խոսեց Միաբանության ներկայիս վիճակի մասին, և նկատեց,որ այսօր այն ավելի փոքր է, շուրջ 10 միաբաններ կան: «Սակայն Մխիթարյանների միաբանությունն ունի բավական մեծ գրադարան, և այն մինչև հիմա շատ կարևոր է որպես համաշխարհային ժառանգություն»,-ասաց նա և ավելացրեց, որ Միաբանության վանքում է գտնվում հին հայկական գրերի հավաքածուն:
Նշենք, Բարբարա Դենշերը Հայաստանում էր Ավստրիայի դեսպանի հրավերով:
Լրաքաղը` Ալեքսանդր Պարֆենիյ