Հայերի բնավորության ամենատարածված գիծը բողոքելն
է: Մենք բողոքում ենք ամենուր, բողոքում ենք, երբ ինչ-որ բան չենք կարողանում անել, բողոքում ենք ու մռթմռթում:
Մարդը բողոքում է իշխանությունից,
բայց երբ հարցնում ես ինչ ես արել, որպեսզի իրավիճակը փոխես, նա կմտածի. «դե, բողոքել եմ...»: Երբ մի բանը
ծուռ է լինում, նստում ու մտածում ենք, թե ինչի է ծուռ, այդ ծուռը ուղղելու փոխարեն:
Այգիներում նստած, բողոքում ենք, թե ինչու են մարդիկ ուրախ, երբ մենք անրամադիր ենք: Բողոքում ենք,
երբ մեզ ինչ-որ բան են խնդրում: Եկեք՝ պատմեմ
ձեզ էդպիսի մի դեպք:
Մոտ
երկու-երեք օր առաջ ես և ընկերս, 71 համարի երթուղայինը նստած, գնում էինք տուն: Ճանապարհին
երթուղայինը կանգնեցրեց մի երիտասարտ, դուռը բացեց և ասաց.
«Հոպար ջան, էս տասը հազարանոցը կարա՞ս մանրես», «հոպարն» էլ՝
թե. «Առավոտ շուտ ա, քո կարծիքով
ես հիմա կարա՞մ էդքանը մանրեմ»։ Վարորդը չվերջացրեց խոսքը, բայց նրան ընդհատեց երիտասարդի
դուռը «շխկացնելը»: Վարորդը շարունակեց անիծել երիտասարդին, միայն նրա համար, որ
նրա խնդրանքը չկատարեց: Չէ՞
որ դա խնդրանք էր, ինչի համար էդպես կոպտել, սովորաբար
խնդրանքը, երբ իվիճակի չեն լինում կատարելու, պատասխանում են.
«Կներես, չեմ կարող ոչնչով օգնել», բայց ոչ Հայաստանում: Այս երևույթը կողքից շատ տհաճ
է երևում, երբ ազգի կեսը մռթմռթալով, ունքերը կիտած ման է գալիս: Երբ բարձր տրամադրություն
ես ունենում, նրանք քեզ գժի տեղ են դնում, թե՝ ինչի՞դ վրա ես ժպտում: Բոլորը բոլորին
անիծում են, անիծում են լավը, վատը, բայց ոչ ոք չի հիշում, որ դիմացինը իր ազգակիցն
է, դիմացինը հայ է: Ուրիշ ժամանակ բոլորը կհպարտանան իրենց մեծերով, կասեն, որ իրենց
մեծերը, իրար օգնելով, լայնացրին և մեծացրին Հայաստանի տարածքը: Իսկ ինչ են անում դա
հիշողները, մի՞թե իրենք պատմություն են կերտում իրենց ապրած օրերով: Մի՞թե նրանք իրավունք
ունեն հայ կոչվելու, այն դեպքում, երբ իր ազգակցին այնպես է անիծում, կարծես դիմացինը
թուրք է: Ոչ, էդպես գնալով մենք ոչ պատմություն կկերտենք, ոչ էլ Հայաստանը կլայնացնենք:
Էդպիսի ատելությամբ լցված մենք մեր տարածքը կտանք ուրիշներին, բոլորս կցրվենք մոլորակով
մեկ, և ինչ գիտեք, միգուցե փողոցում երկու հայ իրար տեսնելիս խոսեն հայերեն, բայց էդպես
էլ չհասկանան, որ երկուսն էլ հայ են: