Страницы

Նապոլեոն Բոնապարտը՝ Ժոզեֆինային


Ապրիլի 3, 1796 թ.
Իմ միակ Ժոզեֆինա՝ քեզանից հեռու ամբողջ աշխարհը ինձ թվում է անապատ, որտեղ ես միայնակ եմ... Դու ավելի քան տիրացել ես իմ ամբողջ հոգուն: Դու իմ միակ միտքն ես, երբ ինձ անհանգստացնում են դատարկությունները, որ մարդ են կոչվում, երբ ես պատրաստ եմ անիծելու կյանքը, ձեռքս դնում եմ սրտիս (այնտեղ է հանգչում քո պատկերը), ես նայում եմ նրան, սերը ինձ համար լիարժեք երջանկություն է... Ի՞նչ կախարդանքով դու կարողացար ենթարկել քեզ իմ բոլոր ունակությունները և ուղղել իմ հոգևոր կյանքը միայն դեպի քեզ: Ապրել հանուն Ժոզեֆինայի: Ահա իմ կյանքի պատմությունը...
Մահանալ՝ վայելած չլինելով քո սերը, դժողքային տառապանք է, դա իսպառ ոչնչանալու ամենաուղիղ ճանապարհն է: Իմ միակ ընկերուհի՝ ճակատագրով ընտրված՝ միասին անցնելու կյանքի դժվար ճանապարհը, այն օրը, երբ քո սիրտը ինձ չի պատկանի, աշխարհը ինձ համար կկորցնի իր ամբողջ գեղեցկությունը և հմայքը:


Մարմիրոլո, Հուլիսի 17, 1796 թ.
Ես հենց նոր ստացա քո նամակը, իմ պաշտելի ընկերուհի, այն լցրեց իմ սիրտը երջանկությամբ: Ես քեզ անչափ շնորհակալ եմ մանրամասն տեղեկության համար, որ հաղորդում ես քո մասին: Քո առողջությունը, ինչպես երևում է, հիմա ավելի լավ է: Հնարավոր է՝ դու արդեն ապաքինվել ես: Խորհուրդ եմ տալիս ձի քշել, դա քեզ պիտի որ օգտակար լինի:
Այն պահից, ինչ բաժանվել ենք, ես անընդհատ տխուր եմ։ Իմ երջանկությունը քո կողքին լինելն է: Անդադար մտածում եմ քո համբյուրների, քո արցունքների, քո առինքնող խանդի և աննման Ժոզեֆինայի գեղեցկության մասին, որ դեռևս բոցավառում են իմ մխացող սիրտն ու միտքը: Ե՞րբ կազատվեմ բոլոր տագնապներից, բոլոր գործերից, որպեսզի անցկացնեմ քեզ հետ իմ կյանքի ամեն րոպեն, ե՞րբ իմ միակ զբաղմունքը կլինի սիրելը քեզ և մտածելը երջանկության մասին, ասելը քեզ դա և ապացուցելը: Ես կուղարկեմ քո ձին, ամեն դեպքում, հույս ունեմ՝ շուտով կկարողանաս գալ ինձ մոտ:
Դեռ վերջերս մտածում էի, որ ջերմորեն սիրում եմ քեզ, բայց այն պահից, երբ քեզ տեսա կրկին, զգում եմ, որ սիրում եմ հազար անգամ ավելի շատ: Ինչքան շատ եմ քեզ ճանաչում, այնքան շատ եմ պաշտում: Դա ապացուցում է, որ Լա-Բրյուերի կարծիքն այն մասին, թե սերը ծագում է անսպասելի, սխալ է: Բնության մեջ ամեն ինչ ունի իր զարգացումը և աճի տարբեր աստիճաններ: Ախ, աղաչում եմ քեզ, բացահայտիր քո ինչ-ինչ թերությունները: Եղիր ավելի քիչ հիասքանչ, ավելի քիչ սիրալիր, ավելի քիչ նուրբ և, ամենակարևորը, ավելի քիչ բարի:
Երբեք մի խանդիր և մի լացիր. քո արցունքներն ինձ խելքահան են անում, այրում են ինձ: Հավատա, որ հիմա ես չեմ կարող ունենալ ոչ մի միտք, ոչ մի պատկերացում, որ քո մասին չէ:
Ապաքինվիր, հանգստացիր, արագ վերականգնիր առողջությունդ: Արի ինձ մոտ, որ մենք, քանի դեռ մահը չի եկել, ի վերջո կարողանանք ասել. «Մենք այնքան երջանիկ օրեր ենք ունեցել»:
Միլլիոնավոր համբյուրներ, անգամ քո Ֆարտյունային*, չնայած նրա չարությանը:
*Ֆարտյունա – Ժոզեֆինայի շնիկը, որից երբեք չէր բաժանվում Ժոզեֆինան:


Օգոստոսի 4, 1796 թ.
Ես քեզանից այնքան հեռու եմ: Ինձ շրջապատում է թանձր խավարը, և դա կձգվի այնքան, մինչև մեր զենքերի սարսափեցնող կայծերը, որոնցով մենք վաղը կդիմավորենք թշնամուն, չեն փարատի այդ խավարը:
Ժոզեֆինա՛, դու լաց էիր լինում, երբ ես հրաժեշտ էի տալիս քեզ, դու լաց էիր լինում: Իմ մեջ ամեն ինչ ցնցվում է այդ մտքից անգամ: Բայց եղիր հանգիստ և մխիթարվիր: Վուրմուզերը** թանկ կվճարի ինձ այդ արցունքների համար:
**Գրաֆ Վուրմուզեր – ավստրալիացի գեներալ, զոհվել է մյուս օրը Կաստիլյոնի պայքարում:


Կալդիերո, Նոյեմբերի 13 1796 թ.
Ես էլ քեզ չեմ սիրում... Հակառակը, ես քեզ ատում եմ: Դու զզվելի, հիմար, անտանելի կին ես: Դու ինձ ընդհանրապես չես գրում, չես սիրում քո ամուսնուն: Դու գիտես, թե ինչքան ուրախություն են պարգևում քո նամակները նրան, և չես կարողանում գրել անգամ վեց թռուցիկ տող:
Սակայն, ինչո՞վ եք դուք զբաղվում ամբողջ օրը, տիկին: Ի՞նչ կարևոր գործեր են խլում ձեր ժամանակը, որ խանգարում են գրել ձեր սիրած մարդուն: Ինչն է ստվերում թողնում ձեր նուրբ և հստակ սերը, որով դուք այդքան պարծենում էիք: Ո՞վ է այդ նոր գայթակղիչը, նոր սիրեկանը, որը հավակում է ձեր ամբողջ ժամանակին՝ խանգարելով ձեզ զբաղվելու ձեր ամուսնով: Ժոզեֆինա, զգուշացեք, թե չէ մի հիասքանչ գիշեր ձեր դռները կջարդվեն, և ես կհայտնվեմ ձեր դիմաց:
Սիրելիս, ինձ իսկապես անհանգստացնում է այն, որ ես չեմ ստանում քեզանից լուրեր. գրիր ինձ չորս էջ միայն այն գեղեցիկ բաների մասին, որոնք լցնում են իմ սիրտը ուրախությամբ և հույզով:
Հույս ունեմ՝ շուտով գրկելու եմ քեզ և պատելու եմ միլիոնավոր համբույրներով, որոնք այրում են ինձ ինչպես հասարակածի շողերը:



Թարգմանությունը՝ Ֆրեդ Սահակյանի
Աղբյուրը՝ celuu.ru