Որոշեցինք, որ համագործակցային ևս մեկ սեմինար պիտի կազմակերպենք: Պատրաստվեցինք, որոշեցինք, որ ակումբի ժամին այցելելու ենք փոքրիկ Սեբաստացիներին, ներկայացնելու ենք պրեզենտացիա բլոգերի մասին, օգնելու ենք բլոգ բացել ու ձևավորել, շտկումներ կատարել: Հոգնակի թվով եմ խոսում, որովհետև ի նկատի ունեմ ինձ ու Դավթին: Մտածում էի, թե ինչպես կազմեմ խոսքս, որ հետաքրքիր լինի: Հետո մտքովս մի լավ բան անցավ, եթե սկսեմ տերմիններով խոսել, փոքրերն ինձ շատ ավելի ուշադիր կլսեին, կտպավորվեն: Հետո մտքովս մեկ այլ բան անցավ, ամեն ինչից քիչ-քիչ վերցնեմ, որ համ լսեն, համ էլ ակտիվ մասնակցեն: Պրեզենտացիայի հետ կարող եք ծանոթանալ ներքևում:
Արդեն մոտեցավ այն օրը, երբ պիտի այցելեինք Նոր դպրոց: Սպասեցի, Դավիթը եկավ և միասին գնացինք Նոր դպրոց: Նոր դպրոցում էլի փոփոխություններ կային՝չնայած ես այստեղ շուտ-շուտ եմ գալիս, բայց հիմա կկիսվեմ իմ տպավորություններով: Առաջինը նկատեցի այն, որ պատեր ընդհանրապես չկան: Հիշում եմ, թե ինչպես էինք ես և իմ ընկերները այստեղով վազվզում, ինչպես էինք ելույթ ունենում մենք՝ «Ծամածռիկներս»՝ օրիորդ Լուսինեի ղեկավարմամբ: Եվ արդեն ինչքան ժամանակ է անցել, բայց այս շենքը չի դադարում ինձ հարազատ լինել, այստեղ եմ սովորել, անցել դեպի Միջին դպրոց ուսումնական ճանապարհը : Իսկ հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչքան երկար ժամանակ է անցել, Միջին դպրոց, իսկ հիմա արդեն Ավագ դպրոց- վարժարան: Ասեմ, որ մտանք երկու դասարան, առաջինը ընկեր Անահիտի դասարան, հետո ընկեր Սաթենիկի դասարան, սովորողների տարիքային տարբերությունը մեկ տարի էր: Պրեզենտացիան ներկայացրեցի, բոլորը այնքան լուրջ դեմքերով էին մեզ նայում, կարծես մեծ մարդիկ լինեին: Իմիջայլոց, փոքրերն ավելի ուշադիր են լսում, քան մեծերը, ես դա նկատել եմ: Ներկայացրեցի, հետո ասացի՝ մեկ-երկու հարց տամ, տեսնեմ ուղղակի լուրջ դեմքեր էին, թե լուրջ մարդիկ: Հարցեր տվեցի և նրանք բոլոր հարցերին պատասխանեցին, ինձ համար դա զարմանալի էր: Ուղղակի հիացած էի այս սովորողներով: Բոլորը շատ ուշադիր լսում էին: Միասին քննարկեցինք, թե ինչ է բլոգը, հետո մեկ սովորողի օրինակով բլոգ ստեղծեցինք, խոսեցինք, ներկայացրինք մեր ու մեր ընկերների բլոգները: Հիմա նստած սպասում եմ նրանց բլոգերի հղումներին. տանը պիտի աշխատեն, փորձարկեն, բլոգներ ստեղծեն և ուղարկեն իմ կամ Դավթի էլեկտրոնային հասցեներին: Դե սպասում եմ փոքրիկ Սեբաստացիներ...Ֆոտոշարքը՝ Անահիտ Գևորգյանի

