Страницы

Լեզվական աշխատանք

1. Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին  ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում՝ բանահյուսության մեջ պաշտամունքային արարողությունների,  իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից,  հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:
Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր),  միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են՝ Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը Մովսեսը, Խորենացին, Եղիշեն Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:
Գրաբարի խոսակցական տարբերակը ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով՝ հանգել է լեզվական նոր որակի միջին հայերենի,  որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ՝ Ֆրիկը Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը,  Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների՝ արևմտահայ և արևելահայ, մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն , երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման,  քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:
Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման մշակման նորմավորման ավելի մեծ հնարավորություններ,  քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:
Ե՛վ արևմտահայ, և՛ արևելահայ գրական լեզուներով, ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում՝ գրքեր թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան: