Страницы

Մենք և նոր տարին

Մենք և Նոր տարին… Անունը արդեն ասում է այն մասին, որ խոսելու եմ՝ մեր և մեր Նոր տարու մասին: Ինչո՞ւ մեր, դե մերն ուրիշ է էլի…

Ուզում եմ սկսել պատմությունից: Եկեք կարճ հատված ներկայացնեմ Ձեզ, Ամանորը Հայաստանում՝ Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի») նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Ահա թե ինչ, ամեն ինչ լավ էր, բայց ինչու Ամանոր, այլ ոչ թե Նավասարդ: Ցավոք, այդ հարցիս պատասխանը չկարողացա գտնել:

Լավ, հիմա եկեք պատմեմ՝ ինչպես են այժմ նշում հայերը Նոր տարին, չասեք, թե իբրև այսպես չեք տոնում: Սեղանին պարտադիր պիտի դրված լինի՝ խոզ, բուդ, հավ, մայրաքաղաքային (сталичный) աղցան, բազուկով աղցան, հաց, լավաշ, հազար տեսակի հյութ և ալկոհոլ, չարազեղեն՝ պոպոք, պնդուկ, և այլն: Այսպես է ամեն Նոր տարին անցնում, իսկ ինչու ոչ… Ի՞նչ վատ է որ. գոնե հասցնում ենք այնպես ուտել, որ ամբողջ տարվա ընթացքում հիշենք: Չեք հավատում, լավ, դե եկեք միասին հարցնենք իմ ընկերներից՝ ինչպես են նրանք տոնում նոր տարին…

Անցավ տաս, քսան րոպե, իսկ հիմա Ձեզ եմ ներկայացնում պատասխանները.

Դե, 12-ից հինգ պակաս, բոլորս հավագվում ենք սեղանի շուրջ, բաժակները վերցնում ենք և հենց 12-ն է լինում, շնորհավորում ենք իրար: Կենացներ, հետո նստում  հաց ենք ուտում: Հետո կամ մարդ է գալիս տուն, կամ՝ ոչ և գնում ենք քնելու ժամը հինգին: Սենց տխուր է անցնում էլի:

Ասեմ, Ֆրեդ ջան, չեմ սիրում Նոր տարին ու տհաճություն եմ զգում այդ իրարանցումից: Բայց դե, պարզ է, որ Նոր տարվա դեմ բան չունեմ, ուղղակի նշելու գործող ձևը՝ ուտուշ-խմուշը սրտովս չի:

Դե մենք հիմնականում տանը չենք նշում, ես որ չեմ սիրում, որ ամեն հեռու, մոտիկ մարդ գալիս է մեր տուն, ում սկի չեմ էլ ճանաչում: Բայց տունը միշտ մեկ ամիս առաջ զարդարում ենք… Ամսի 31-ին միշտ եռուզեռ է տանը լինում, ամեն ինչ թողնում ենք վերջին օրվան, մի խոսքով ժամը 12-ին անհամբեր սպասում ենք և այդ պահին միշտ երազանք ենք պահում: Շնորհավորում ենք, խոսում ենք գալիք տարվա մասին ու անպայման մոտ ընկերուհիներիս նամակ եմ գրում՝ շնորհավորում: Միշտ մինչև ժամը 4-ը, 5-ը պարում ուրախանում ենք, այցելում մոտիկ մարդկանց տուն:

Մենք Նոր տարին նշում ենք սովորական ձևով: Միշտ ամսի 31-ին ամենամոտիկ բարեկամները գալիս են մեր տուն, հաց ենք ուտում, հետո նվերներ են տալիս մեզ և հետո գնում ենք կենտրոն ման գալու: Դե տոնածառ էլ միշտ ունենում և տունը զարդարում ենք:

Ասեմ, Ֆրեդ ջան, արդեն 10 տարի է՝ ես տանը չեմ լինում. այսինքն ժամը 12-ին եկեղեցում եմ դիմավորում նոր տարին՝ աղոթքով և օրհնությամբ: Իսկ, ընդհանուր առմամբ, ավելի շատ կարևորում եմ ընտանիքիս և սիրելի մարդկանց հետ լինել և սրտանց ուրախանալ՝ ունենալով հույս , հավատ և սեր....

Մեր տանը նոր տարին սկսում է Դեկտեմբերի 30-ից՝ տղայիս ծննդյան օրվանից: Այդ խառը օրը սպասել հյուրերի, իսկ 31-ին՝ ժամը ութից ողջ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ: Ուրախ տրամադրությունը առաջնորդում է մեզ՝ ուտում, խմում, ուրախանում ենք մինչև կաթողիկոսի խոսելը: Ապա հարմարեցնում եմ, որ երեխեքը չնկատեն և տան տարբեր սենյակներում նվերներ եմ պահում՝ Ձմեռ պապիկի կողմից ուղարկված, և երեխաները պիտի ման գան և գտնեն: Հետո տան բոլոր անդամներին այդ նույն փորձությունն է սպասվում: Զանգերից տասը րոպե հետո մեզ են միանում մեր հարազատները…

Այսքանն էին պատասխանները, նկատեցիք թե ոչ բոլոր պատասխանները ունեին կապող հատվածներ՝ լավ ուտելը, պարելը կամ ուղղակի ուրախանալը: Ձանձրալի է, չէ՞, ձանձրալի է դարձել այդ ամենը բոլորի համար, բայց, միյնույնն է, Նոր տարին մենք ուրիշ ձևով ենք նշում՝ մեր հայկական ձևով: Երբ ձանձրանում ենք, կարելի է տոնելու ձևը մի քիչ փոխել, օրինակ՝ երեխաներին չասել, որ Ձմեռ պապիկ չկա և ոչնչացնել նրա մանկությունը, գիշերն ուղղակի նստել սեղանի դիմաց և հանգիստ խոսել, գիշերն այնքան հաց չուտենք, որ չկարողանանք քնել, սեղանին այդքան ուտելիք չդնել, այդքան ծախս չանել և մինչև հունվարի 20-ը իրար Նոր տարի չշնորհավորենք: Այսքան խոսեցի նշելու մասին, իսկ հիմա խոսեմ՝ իմ բարեմաղթանքների մասին, դե սկսեցինք.

Սիրելի քաղաքացիներ, հայրենակիցներ՝ տատիկներ, պապիկներ, երեխաներ, տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Ուզում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարին՝ Նոր տարին՝ ոչ թե ուտուշ-խմուշը: Ուզում եմ ցանկանալ, որ գոնե այս տարի բոլորս ուժ գտնենք՝ անկեղծ և բարի լինելու համար: Լինել սիրված, ժպտերես, հարգալից և բարի: Մոռանանք՝ նախանձ, տխրություն բառերը, ապրենք այնպես, որ սիրենք ինքներս մեզ: Կարտահայտվեմ պարզ՝ հույս, հավատք և սեր…

Ձեզ հետ Ֆրեդ Սահակյանն էր, մաղթում եմ Ձեզ հաճելի Նոր տարի…