Страницы

Հայերով գնում ենք հանգստանալու

Ինչպես ցանկացած ազգի ժողովուրդ, մենք՝ հայերս, նույնպես ամռանը գնում ենք հանգստանալու: Եվ գնում ենք ոչ թե Սևան, այլ արտերկիր, չնայած Սևան գնացողներ էլ կան, բայց դրա մասին հետո: Դե, ուրեմն սկսեմ արտերկիր գնացողներից. Առավոտյան արթնանում ենք, զգում, որ արդեն շոգ է ու տոթ, որոշում ենք, որ հանգստանալու ժամանակն է, և այդ ամենից փախչնելու համար գնում ենք արտերկիր: Դե բա, իհարկե, ամեն ծով գնացող դասվում է երկու խմբի՝ «Մենք գնում ենք ծով, որ բոլորը տեսնեն, իմանան, որ մենք գնում ենք ծով ու բոլորին նման չենք, որ գնանք Սևան», և մյուս խումբը՝ «Ծովում լավ ա էլի, ընդեղի եղանակն ու ծովը համապատասխանում են իրար, բացի դրանից էնտեղի մթնոլորտը ավելի լավն է»: Կարծում եմ՝ երկրրորդ խմբին քննադատելը անիմաստ է, բայց առաջին խմբին չքննադատելը, ինձ համար անհնար է: «Դե բա, իհարկե, մենք հո հասարակ մարդիկ չենք՝ գնանք Սևան, բա պիտի գնանք ծով, որ հետո էրեխեն սեպտեմբերի 1-ին գնա դասի, մայրենիի ուսուցչուհին հարցնի՝ ինչպես անցկացրեցիր ամառը, էրեխեն հելնի ու ասի, որ գնացել ա ծով, բա իհարկե»: 
Ինձ թվում է, որ դա գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, ճոխ և գլուխգովան ազգ ենք: Այո, դա մեր արյան մեջ կա, և ես դրա մեջ ամոթ բան չեմ տեսնում: Բայց կներեք, այդպես ծով որ գնանք, օրը կգա, կգնանք արդեն ԱՄՆ հանգստանալու, դե, որովհետև ծովը «հնաոճ» կդառնա, և ազգովի կանցնենք օվկիանոսի կեղտոտման պրոցեսի մի մասնիկ: Այդ իսկ պատճառով մենք գնում ենք ծով, որ բոլորը իմանան, որ մենք գնում ենք ծով: 
Ուզում եք տարբերել հային ծովո՞ւմ, ես ձեզ մի քանի կետ կասեմ, որից հետո դուք հաստատ կտարբերեք նրանց, դե գնացինք.
• մեծ փոր 
• հիսուն գրամանոց ոսկե շղթա
• ոչ սթափ վիճակ հենց ծովի ափին 
• մերկ երեխաներ 
• մեր ավանդական գոռգռոցը 
• մեկը թող հանկարծ փորձի նայել մեր կնոջը, մեկը նայեց՝ պատերազմ 
Դե իհարկե, մենք ամեն ինչում ունենք մեր ավանդական ամեն ինչը, մենք ամեն տեղ ունենք մեր վատը և լավը, մենք ունենք մի բան, որը չունեն մյուսները՝ սիրուն կանայք, և պատերազմը միայն նրա համար է, որովհետև մեր կանանց շատ ենք սիրում, և եթե մենք ամուսնանում ենք, ուրեմն կինը միայն մերն է, և ոչ մեկը բացի մեզանից իրավունք չունի նրան նայելու: 
Վերջերս իմ քեռին նույնպես գնացել էր Սոչի՝ հանգստանալու: Խոսեցի նրա հետ, և նա իր տպավորությունները կիսեց ինձ հետ: Տպավորությունները շատ հետաքրքիր և գրավիչ էին, մինչև միասին չհասանք այնտեղի հայերին: Նա պատմում էր, որ այնտեղի հայերը, ինչպես այստեղ, սիրում են կռիվներ անել: Բացի դրանից, նա տեսել էր, թե ինչպես է մի հայ տղամարդ կանգնեցրել մեքենան լողափում, բացել մեքենայի դռները և բարձր լսել ադրբեջանական կամ հայկական էստրադային երգեր: Իհարկե, մենք սիրում ենք մեզ ցույց տալ, բայց չի կարելի ցույց տալ մեր միջի վատը, այն էլ այն դեպքում, երբ մենք ուրիշի երկրում ենք գտնվում, պետք չէ վատը միայն ցուցադրել, չնայած ինչքան էլ լավը լինի, իմ աչքը վատը ծակելու է, բայց հուսամ՝ այդպես չի լինի, հուսամ... 
Հիմա խոսեմ Սևան գնացողներիս մասին: Սևան գնում են այն ընտանիքները, ովքեր ֆինանսապես չեն կարողանում մեկնել ծով, կամ ովքեր չեն ուզում գնալ ծով, որովհետև Սևանը նրանց լիովին բավարարում է: Դե, հիմա էլ պատմեմ Սևան գնացողներիս թերությունների մասին: Սկսեմ մեր ավանդական խորոված ուտելուց: Խորոված, որը մենք պատրաստում ենք՝ հենց մեքենայից իջնում ենք: Առանց տեսնելու տարածքը, առանց իրերը դասավորելու, մենք գնում ենք խորոված պատրաստելու: Ասում եմ մենք, որովհետև ես նույնպես ականատես եմ եղել նմանատիպ դեպքերի, և ոչ միայն ականատես եմ եղել, այլ եղել եմ այդ ամենի մասը, ես դա չեմ թաքցնում: Խորովածը ուտելուց հետո անմիջապես գնում ենք լողալու, չէ-չէ, կատակ եմ անում, ամոթ է, բա, ձմերո՞ւկը: Խնդրում ենք երեխաներից մեկին բերել ձմերուկը ջրի միջից, և առանց խորովածը մարսելու միանգամից անցնում ենք ձմերուկ ուտելու: Չնայած ձմերուկը տղամարդիկ չեն ուտում, ուտում են կանայք և երեխաները, չնայած մարդիկ կան, ովքեր ձմերուկ ուտելը և խմելը հասցնում են միաժամանակ, բայց դա նույնպես գեղեցիկ և ճիշտ չէ: Այդքան արևի տակ մնալուց հետո՝ տղամարդիկ անցնում են քնելու, երեխաները ժամերով լողում են, իսկ կանայք սկսում են նկարվել: Նկարվում են շատ տարբեր դիրքերով, չնայած միայն չեն նկարվում: Նկարվելուց հետո անցնում են արևի տակ պառկելուն: Պառկում են այնքան, մինչև սևանան ու վառվեն, իսկ երեխաները այդ ընթացքում լողում են: Լողում են ժամերով, ինչը չի կարելի: 
Ինչ եմ ուզում ասել, ես դեռ շատ երկար կարող եմ քննադատել, քննադատելը բոլորս էլ կարող ենք, բայց ես ունեմ մեկ խնդրանք: Մի դարձրեք ծովը, կամ Սևանը թունավորման կետ, մի դարձրեք աղբանոց, հանգստացեք ամբողջ հոգով, առանց չափը անցնելու: Կարիք չկա ամառը անցկացնել այնպես, որ բոլորը իմանան: Վերջ ի վերջո համեստությունն է, որ ընդգծում է մարդու գեղեցիկ կողմերը: Ես չեմ ասի արդեն ավանդական դարձած. «Հայ ենք, ամոթ ա ամոթ», այլ կասեմ. «Մենք հայ ենք, և գեղեցիկ հանգստանալ մենք կարող ենք»: