Страницы

Ավագ դպրոց-վարժարանի սովորողը պատմում է


Ողջույն, ինձ ընթերցող բարեկամ: Այս նյութում Ձեզ կպատմեմ Ավագ դպրոց-վարժարանում ուսանել-բնակվելու մեկշաբաթյա տպավորությունների մասին: Ասում եմ մեկշաբաթյա, որովհետև իմ տպավորությունները շատ փոփոխական են:
Երևի բոլորին է հետաքրքիր, ինչ է նշանակում լինել Ավագ դպրոց-վարժարանի սովորող, ինձ էլ էր դա հետաքրքիր, երբ Միջին դպրոցում էի: Եվ հիմա Միջին դպրոցի սովորողի համար շատ լավ հնարավորություն է ճանաչել Ավագ դպրոցը: Լավ, չհատեմ Ձեր համբերությունը և սկսեմ:
Առաջին օրը, երբ ես եկա դպրոց, կարծում էի, որ օրը ավելի տոնական կլինի, քան ես տեսա:
Ինձ շատ է գոհացնում Ավագ դպրոցի ազատ լինելու հնարավորությունը: Այն, որ ինձ ընդունում են որպես մեծ մարդ, դուր է գալիս: Երբ դու ես ընտրում քո տնայինները, երբ դու ես որոշում ինչ ուղղությամբ գնալ: Շատ ուրախ եմ, որ իմ ծնողը թույլ է տալիս ինձ ազատ ընտրել, որ ուղղությամբ եմ առաջ շարժվելու, բացի ծնողից՝ նաև դպրոցն է դա ինձ թույլ տալիս:
Մեր դպրոցում շատ էին ազատ բառը օգտագործում, այո, Միջին դպրոցում ես դա ինչ-որ չափով հասկանում էի, բայց երբ եկա Ավագ դպրոց. լիովին հասկացա «ազատություն դպրոցում» ասվածը: Ինձ դուր է գալիս, որ մեր՝ սեբաստացիներիս բոլոր դպրոցներում երեխային տալիս են ազատ լինելու հնարավորություն: Եվ այդ ազատության և պատասխանատվության չափը գնալով աճում է: Հիմա լինելով Ավագ դպրոց-վարժարանի սովորող՝ շատ ուրախ եմ, որ առաջին դասարանից սկսած եղել եմ Սեբաստացի. սկսել եմ պատասխանատվության փոքր չափաբաժնից և հիմա ունեմ մեծ պատասխանատվության ավելի մեծ բաժին: Բայց դրանից չեմ վախենում, ինձ դուր է գալիս այն, որ մարդիկ ինձ վստահում են պատասխանատու բան և ես փորձում եմ չհիասթափացնել մարդուն: Ուրախ եմ, որ հիմա Ավագ դպրոցում եմ, որ ինձ զգում եմ ազատ: Չնայած դեռ 3 տարի կա, բայց իմ բլոգը հնարավորություն կտա, որ 3 տարին էլ միասին անցկացնենք: