Страницы

Հայերի ծագումնաբանությունը

Ինձ թվում է՝ բոլորին հետաքրքրել է, թե ինչպես են ծագել հայերը: Նշեմ, որ հայերի ծագումնաբանությունը մինչ այսօր վիճահարույց է: Տարբեր ավանդազրույցներ հին ու միջին դարերում տարբեր կերպ են ներկայացնում հայոց ծագումնաբանությունը: Այս նյութում ես կխոսեմ առավել տարածված տեսությունների մասին:
Հայկական ավանդությունը ստեղծվել է վաղնջական ժամանակներում և մեզ հասել է Մովսես Խորենացու գրառմամբ: 18-րդ դարում հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանի «Հայոց պատմության» էջերում ավանդության առանձին դրվագները հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրներին մեջբերելիս:
Հարմարեցվելով Աստածաշնչի պատկերացումներին՝ քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդույթը ենթարկվեց ձևափոխության: Համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից, Սեմից)։ Ըստ քրիստոնեական տարբերակի՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին: Այդ պատճառով միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրվեց «Թորգոմա տուն» անվանումը, իսկ հայերի տրված աղբյուրներում տրվեց «թորգոմյան ազգ» անվանումը:
Ըստ ավանդության Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ՝ հաղթելով նրան։ Այդպես հայերը սկսեցին հաշվել Բուն հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի 19-րդ դարում կատարած հաշվարկի՝ Բուն հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. Օգոստոսի 11-ին):
Ըստ հայկական ավանդությունների՝ Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ», երկիրը կոչվեց «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացավ Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Բացի դրանից նույն ավանդությունը վկայում է, որ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին մեր լեռնաշխարհի բազմաթիվ տեղաննուներ, օրինակ՝ Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ, Ամասիայից՝ Մասիս, և այլն:
Հունական ավանդությունը հայերի ծագման հունական զրույցը կապում է Հին Հունաստանի տարածված և սիրված մի վիպաշարի՝ արգոնավորդների մասին ավանդության հետ: Հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թելացին, որը Յասոնի (հունական դիցաբանության հերոս) և մյուս արգոնավորդների հետ մասնկցել է Ոսկե գեղմի (ըստ հին հունական դիցաբանության՝ ոչխարի ոսկե մորթի) համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ իր անվամբ կոչվել է «Արմենիա»: Ըստ ավանդության նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ հունաստանում) Արմենիոն քաղաքը:
Հայերի արևմտյան ծագման մասին տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի, Եվդոքսոսի և այլոց երկերում: Բերված փաստարկները վերաբերում է փռյուգիացի և հայ զինվորների միատեսակ հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, սակայն, չի կարող բացատրվել մի ժողովրդի ծագած լինելը մյուսից. փռյուգիացիներն ու հայերը ազգակից են, և նրանց լեզուներում կա նույն բառերի որոշ խումբ, բացի դրանից, զինվորների նման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:
Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել վրացհեղինակների կողմից: Ըստ վրացական ավանդության՝ Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից՝ այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրների վրա:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը, ինչի սկզբնաղբյուրը մեզ մնում է անհայտ:
Հին եբրայական ավանդությունը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Սեմի ժառանգներից Արամ նահապետի որդին (այսինքն՝ հրեական ավանդությունը հայերին համարում է իրենց՝ սեմիտներին ազգակից): Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է (ելնելով հայրանունների նույնությունից և անունների նմանությունից՝ Ուր(ոս)-Արա): Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել ևորպես անձնանուն, ևորպես ցեղանուն:
Ասյտեղ նշվածներից բացի հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ, որոնք այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածները: Չունեն սկզբնաղբյուրային նշանակություն, ուստի և դրանց չեմ անդրադառնա այստեղ:

Մի հաճելի երևույթ նշեմ. մեզ՝ հայերիս, իրենց ազգակից են համարում հույները, վրացիները, հրեաներրը: Սա արդյունքն ու արձագանքն է հին և միջին դարերում հայերի ու Հայաստանի միջազգային մեծ հեղինակության. ուժեղի և վեհի հետ ազգակից լինելը պատվաբեր է բոլորի համար